«Մթնշաղ. Արևածագ» ֆիլմի պրեմիերան Երևանում նոյեմբերի 25-ից 26-ն է տեղափոխվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են «Մոսկվա» կինոթատրոնում: Հարկ է նշել, որ ինչպես Երևանում, այնպես էլ արտասահմանում ֆիլմի պրեմիերան արդեն բազմիցս հետաձգվել է: Սկզբնապես հաղորդվում էր, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա նոյեմբերի 18-ին, սակայն այն տեղի ունեցավ նոյեմբերի 13-14-ին: Ֆիլմն աշխարհի տարբեր երկրների կինոթատրոններում պաշտոնապես հայտնվել է նոյեմբերի 18-ից:
«Մթնշաղ: Սագա: Արևածագ» (անգլ. Twilight Saga: Breaking Dawn) ռեժիսոր Բիլլ Քոնդոնի գեղարվեստական ֆիլմն է Ստեֆանի Մայերի համանուն վեպի հիման վրա: Summit Entertainment-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, ֆիլմը բաղկացած կլինի երկու մասից: Առաջին մասի պրեմիերան կկայանա 2011թ. նոյեմբերի 18-ին, իսկ երկրորդ մասի պրեմիերան` 2012թ. նոյեմբերի 15-ին: Նախնական տվյալներով, ֆիլմի առաջին մասը կպատմի Բելլա Սվոնի (Քրիսթեն Ստյուարտ) կյանքի վերջին ամիսների մասին` որպես մարդ, իսկ երկրորդ մասը` առաջին ամիսների մասին` կերպարանափոխված: