AM
23 Նոյեմբեր 2011 - 05:05 AMT

Վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն հանդես կգա Երևանում ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

Դեկտեմբերի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնում են թատրոնից: Համերգին մասնակցելու է թատրոնի նվագախումբը (դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան) և ամերիկաբնակ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն: Ծրագրում ընդգրկված են Ս. Պրոկոֆևի 3-րդ և Դ. Շոստակովիչի 2-րդ դաշնամուրային կոնցերտները:

Ալեքսանդր Թորաձեն ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան և դարձել նույն ԲՈՒՀ-ի դասախոս: 1983 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1991 թ-ին դարձել Ինդիանա նահանգի Սաութ-Բենդեյի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա մշակել է դասավանդման նոր համակարգ: Թորաձեն ելույթ է ունեցել BBC-ի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Ցինցինատիի, Դրեզդենի և այլ քաղաքների, Գյուլբենկյան հիմնադրամի նվագախմբերի հետ: Դաշնակահարը համարվում է իր ժամանակի ամենավիրտուոզ կատարողներից մեկը, ով նվագում է ռոմանտիզմի ավանդույթներով: