AM
23 Նոյեմբեր 2011 - 10:19 AMT

Այսօր մեկնարկում է Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը

Նոյեմբերի 23-30-ը Երևանում անցկացվելու է Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու են 9 ներկայացումներ, այդ թվում և Գյումրու ու Վանաձորի թատրոնների երիտասարդ ռեժիսորներից: Այն կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը նշեց, որ փառատոնի ընթացքում տեղի են ունենալու երկու ներկայացումների` Լիլիթ Մելիքյանի «Մահը թակում է դուռը» և Հենրիկ Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» պրեմիերաները: Փառատոնին մասնակցելու են նաև Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուկ», Զարուհի Անտոնյանի «Թևավորը», Իրա Հարությունյանի «Գայլն ու յոթ ուլիկները», Գոհար Փոքրիկյանի «Ուրիշ մարդը», Սամսոն Մովսիսյանի «Քիթը», Լյուդվիգ Հարությունյանի «Բլեզ» և Սարգիս Մանուկյանի «Խիստ սիրահարված տաքսիստը» ներկայացումները:

Ներկայացումներից հետո սպասվում են քննարկումներ, որոնց այս տարի մասնակցելու են նաև ԵՊՀ արվեստաբանության ամբիոնի մագիստրոսները: Նախորդ տարիներին քննարկումներն ընթանում էին փակ, իսկ այս տարի այն լինելու է բաց և հանդիսատեսը նույնպես կարող է մասնակցել և հայտնել իր կարծիքը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ բանավեճերը կընթանան հարթ և առողջ մթնոլորտում: Ամենից շատ 14 ներկայացում է մասնակցել: Օտարերկրյա հյուրերը միշտ հիացել են, որ Հայաստանի նման ոչ թատերական երկրում այսքան երիտասարդ և բարձրորակ ռեժիսորներ կան: Անցած տարիների ընթացքում փառատոնին մասնակցած ռեժիսորները հրավիրվել են արտերկիր: Սոնա Մելոյանը նաև նշեց, որ Վանաձորի թատրոնը փառատոնին կմասնակցի իր քաղաքում, իսկ Գյումրու թատրոնը ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնի Երևանում:

Փառատոնի մասնակից Գոռ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի նման երկրներ ԱՊՀ-ում քիչ են, որ թույլ են տալիս երիտասարդ ռեժիսորներին ստեղծագործել և ինքնադրսևորվել պրոֆեսիոնալ բեմում: Նա, ով մասնակցել է Մոսկվայում Չեխովյան փառատոնի ամառային դպրոցին, նշեց, որ Հայաստանն այդտեղ ներկայանում է ռեժիսորներով, մինչ դեռ մյուս երկրները` միայն դերասաններով:

Փառատոնը հիմնադրվել է 2006 թ-ին ՀԹԳՄ -ի կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ռեժիսորներ: