Առաջին հայկական ինտերակտիվ կատակերգությունը`«Ալա բալա նիցան» արդեն տասն օր է մեծ էկրաններին է, և արդեն մոտ մեկ ամիս է տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում: Առաջին օրերի ցուցադրությունների տոմսերը սպառվել էին շնոհանդեսից օրեր առաջ և անգամ այսօր երեկոյան ֆիլմը դիտելու համար պետք էր առնվազն 2 օր առաջ մտածել տոմսեր ձեռք բերելու մասին:
Ի՞նչ է սպասվում Ձեզ, եթե արդեն տոմսը գնել եք և հարմար տեղավորվել կինոդահլիճում: Նախ «թռիչքի բորտուղեկցորդուհին» կբացատրի` ինչ է ի վերջո նշանակում ինտերակտիվ: Հետո ձեզանից առավել հետաքրքրասերները կուղարկեն 120 դրամ արժողությամբ կարճ հաղորդագրություն ու ֆիլմը կդիտեն բաղձալի զանգի ակնկալիքով. չէ՞ որ երջանիկ պատահականությամբ հենց նրանցից մեկը կորոշի` ինչ կկատարվի հաջորդ էպիզոդում, ով կընկնի մեքենայի տակ կամ ինչպես հերոսները կազատվեն ձեռնաշղթաներից:
Բացատրական աշխատանքներից հետո սկսվում է բուն ֆիլմը ու ծանոթությունը հերոսների` Գիպսակարտոն Սևակի (Հայկ Մարության) ու Ցոլակ Կարպիչի (Մկրտիչ Արզումանյան) հետ, որոնք անհեթեթ դժբախտ պատահարներից հետո կոմայի մեջ են ընկնում, իսկ նրանց հոգիները` Բարու (Լևոն Հարությունյան) և Չարի (Նազենի Հովհաննիսյան) ընդունարան:
Չարն ու Բարին հերոսների հետ բացատրական աշխատանքներ կտանեն, կբացատրեն` ով ում բարեկամն է, ինչ է նշանակում կոմա և ինչ անել դրանից դուրս գալու համար: Առաջին հայացքից հեշտ թվացող առաջադրանքը կատարելու ճանապարհին հերոսները ընկնում են թրաֆիքինգով զբաղվողների ձեռքը, հայտնվում ոստիկանության բաժանմունքում, ներկա գտնվում տիպիկ հայկական սերիալի նկարահանումներին ու գտնում բոլորիս հուզող հարցի պատասխանը` ինչո՞ւ Հայաստանում տուրիզմը չի զարգանում: Սակայն հնարավոր է, Ձեր կամքով, դեպքերն այլ կերպ զարգանան, և դուք բոլորովին այլ ֆիլմի ականատես լինեք:
Ինչի՞ մասին է ֆիլմը. միանշանակ` ընտրության, պատասխանատվության և Աստծո դատաստանի, բայց նաև մարդկային անսահման բարության ու սիրո: Ֆիլմը ներկայացնում է չարի ու բարու, լույսի ու խավարի, սևի ու սպիտակի հավերժ պայքարը, որում միշտ հաղթում է… թե ով կհաղթի այս անգամ, ֆիլմի հերոսները կորոշեն մանկական խաղից հայտնի «ալա բալա նիցայի» միջոցով և Ձեր օգնությամբ:
Ինչպես նշեց հանդիսատեսներից մեկը դահլիճից դուրս գալիս` «ոնց որ երկար «Կարգին հաղորդում» լիներ»: Այնպես որ, եթե Դուք էլ եք գժվում «Կարգին հաղորդման», Հայկոյի ու Մկոյի և նրանց գերհումորային ու գերակտուալ բառախաղի համար, շտապեք ձեռք բերել տոմսերն ու դիտել ֆիլմը: Վստահաբար, դրանից հետո ընկերներին զվարճացնելու համար բազմաթիվ նոր դիմելաձևեր կհայտնաբերեք, իսկ ֆիլմի հերոսների սրամտությունները դեռ երկար կմեջբերեք:






