Նոյեմբերի 24-ին` Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի է ունենալու Անդրանիկ Քեշիշյանի «Ամենակարևորն արվեստում չափի զգացումն է» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում:
29-ամյա հեռուստաօպերատորի աշխատանքներն առանձնահատուկ են նրանով, որ նախապես մտածված սյուժե ունեն, նատյուրմորտներ են, որոնցում առկա են նուրբ և կոպիտ առարկաների համադրություններ, այլախոհություն, իրեր, որոնք առանձին վերցված այլ իմաստ ունեն, սակայն լուսանկարներում բոլորովին այլ միտք են արտահայտում: Առօրյայում գործածական և առանձնակի գեղեցկություն չունեցող առարկաները լուսային խաղի և հատուկ (ոչ համակարգչային) էֆեկտների արդյունքում յուրահատուկ հետաքրքրություն և գեղեցկություն են ստանում:
Անդրանիկ Քեշիշյանը, ով լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ-ին տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով շարունակել հետագա ստեղծագործական կյանքն այստեղ: Ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն հեղինակի ստեղծագործությունները, այլև դրանց ստեղծման ընթացքը, նկարահանման գործընթացը:






