ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը անհեռանկարային է համարում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը, ինչը միայն ժամանակի կորստի կարող է հանգեցնել: Ըստ նրա, նա կողմ կլիներ ձևաչափի փոփոխությանը միայն այն դեպքում, եթե դրա հետ մեկտեղ կարգավորման նոր առաջարկություններ լինեն, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար:
Քաղաքագետը հոռետեսորեն է վերաբերվում նման հնարավորությանը՝ նկատելով, որ այժմ հակամարտության կողմերի առջև միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մշակած առաջարկություններն են, որոնք արդեն հավանության են արժանացել: «Եթե նոր խումբը, նոր ձևաչափը նույնը առաջարկի, այդ դեպքում անհասկանալի կլինի նոր ձևաչափի անհրաժեշտությունը: Եթե առաջարկվի փոխել ստատուս կվոն, ապա ինչպիսի՞ փոփոխություն պետք է լինի, որ գոհացնի բոլոր կողմերին»,-ասել է քաղաքագետը:
Մարկարովը նաև հավելել է, որ բանակցությունների այս ձևաչափը արդարացնում է իրեն այն տեսակետից, որ վերջին 17 տարում լայնածավալ ռազմական գործություններ չեն եղել:
Ինչ վերաբերում է ֆրանսիացի համանախագահի փոփոխությանը, ապա Մարկարովը նշել է. «Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի շուրթերով ԵՄ-ն է խոսում»: Նա նշել է, որ Եվրամիությունը միատարր կառույց չէ, որը միասնական քաղաքականություն է վարում, ԵՄ երկրները տարբեր շահեր ունեն, ինչը խանգարում է Հարավային Կովկասի հարցում միասնական քաղաքականության մշակմանը:






