Նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա արևմտահայ գրող Հակոբ Մնձուրու ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում: Գրադարանում կբացվի գրողին նվիրված ցուցահանդես: Միջոցառման ընթացքում Հակոբ Մձուրու կյանքը և ստեղծագործությունը կներկայացնեն և կվերլուծեն ժամանակակից գրողները:
Հակոբ Մնձուրին (Դեմիրճյան (1886-1978)) ծնվել է Երզնկայի Իլիչ գավառի Արմութլու գյուղում: Ավարտել է Ստամբուլի Ռոբեր քոլեջը: 1907-ից ծննդավայրում զբաղվել է երկրագործությամբ և ուսուցչությամբ: 1914-ին մեկնել է Կ.Պոլիս, այդ ընթացքում թուրքերի կազմակերպած ջարդի ժամանակ զոհվել է գյուղում մնացած նրա ընտանիքը: Հակոբ Մնձուրու ստեղծագործություններից են «Ստամբուլյան հուշեր», «Արմտան», «Եփրատի մյուս կողմը» «Քյուղը կ’ապրի իմ մեջս»: Պարբերական մամուլում լույս են տեսել Մնձուրու պատմվածքները, ակնարկները, ժամանակագրությունները, հեքիաթներն ու թատերգությունները; Առաջին իսկ պատմվածքում («Հարս ու կեսուր») երևում է գրողի թեմատիկ նախասիրությունը` գյուղական կյանքն ու կենցաղը: Նրա ողջ ստեղծագործությունը հագեցած է հայրենաբաղձությամբ, հայրենի եզերքի պատկերներով, իրապաշտական նկարագրություններով:






