Նոյեմբերի 26-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Հանդիսության ընթացքում կներկայացվի Ա. Ցիցիկյանի հետաքրքիր ու հարուստ սեղծագործական ուղին, կհնչեն ջութակահարուհու կատարումներից, կցուցադրվեն տեսանյութեր, սլայդ-շոու:
Միջոցառմանը կներկայացվի նաև «Անահիտ» մշակութային հիմնադրամի գործունեության տասնամյա ուղին, տեղի կունենա «Հայկական աղեղնային արվեստի պատմություն» (նոր տարբերակ) և «Անահիտ Ցիցիկյան. կենսամատենագիտական ժողովածու» գրքերի, վաստակավոր արտիստուհու վիրտուոզ կատարումներով CD-ների շնորհանդեսները, կամփոփվեն «Ինչ գիտեմ լարային գործիքների հայ կատարողների մասին» թեմայով մանկական շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքները: Լավագույն աշխատանքների հեղինակներին կշնորհվեն դիպլոմներ ու մրցանակներ:
Երեկոն կեզրափակվի «Մանուկ վիրտուոզներ» փոքրիկ համերգային ծրագրով: «Անահիտ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական երեկոյի մուտքն ազատ է դասական երաժշտության բոլոր սիրահարների համար:
Երեկոյին կմասնակցեն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ալիս Հեքիմբաշյանը, դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, Մշակույթի աջակցության կենտրոնի նախագահ Նելլի Սարգսյանը, ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Թադևոսյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






