AM
26 November 2011 - 09:38 AMT

Իզաբել Բայրաքդարյանը Սիդնեյում կկատարի հայկական ժողովրդական երգեր

Հայազգի աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը նոյեմբերի 28-ին մենահամերգ է ունենալու Սիդնեյ քաղաքի «Մերի Ուինսփեր» կենտրոնում: Չնայած, որ համերգին դեռ մնացել է մի քանի օր, բոլոր տոմսերն արդեն սպառվել են:

Սիդնեյի համերգում Բայրաքդարյանը բացի Լիստի, Բերլիոզի, Ռոսսինիի, Ֆալայի և այլ հեղինակների ստեղծագործություններից կատարելու է նաև հայկական ժողովրդական երգեր:

«Դա շատ խորն է, զգայական, և իմ ինքնության մի մասն է», իր հարցազրույցի ժամանակ ասել է Բայրաքդարյանը Կոմիտաս Վարդապետի մասին խոսելիս, հայտնում է timescolonist-ը:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974 թ-ին Լիբանանում: Վաղ մանկությունից երգել է Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում եւ ծնողների հետ Կանադա տեղափոխվելուց հետո շարունակել է ելույթ ունենալ Տորոնտոյի հայկական եկեղեցական երգչախմբում: Միաժամանակ ուսանելով օպերային երգն ու բիոինժեներիան` որպես հիմնական մասնագիտություն` Իզաբելն ընտրեց երգը եւ չսխալվեց: Ուսման ավարտից քիչ առաջ նրա երգեցողությունը Ռավենիայի փառատոնին լսեցին Չիկագոյի Lyric Opera-ի ղեկավարները, եւ արդյունքում երգչուհին հրավիրվեց մասնակցելու Ուիլյամ Բոլկոմի «A View From The Bridge» օպերային: Նա մեծ հաջողության է հասել 2000 թ-ին Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա մրցույթում հաղթելուց հետո: Նա կատարել է «Մատանիների տիրակալը: երկու աշտարակ» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի երգերը: Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում (Մետրոպոլիտան, Լա Սկալա և այլն): Ներկայացված է եղել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին: