AM
28 November 2011 - 12:26 AMT

Արդիական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է դարձել ստեղծել Ստրադիվարիուսի ջութակի ճշգրիտ կրկնօրինակը

Համակարգչային տոմոգրաֆիայի և գերճշգրիտ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մի խումբ փորձագետների հաջողվեց ստեղծել իտալացի հանճարեղ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից 1704 թվականին ստեղծված ջութակի ճշգրիտ կրկնօրինակը: Ինչպես հաղորդում է Газета.ру-ն, աշխատանքի մասին հաշվետվությունը և ստեղծված գործիքի եռաչափ պատկերը ներկայացվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության ամենամյա խորհրդաժողովին:

«Համակարգչային տոմոգրաֆիան պատմական օբյեկտների ուսումնասիրման բացառիկ մեթոդ է, որը չի պահանջում փորձանմուշ վերցնել կամ խախտել մակերևույթի կառուցվածքը: Եռաչափ տոմոգրաֆիկական պատկերների հիման վրա ճշգրիտ ծրագրային կառավարմամբ օժտված տեխնիկայի օգնությամբ կարելի է հոյակապ որակի «վերարտադրություններ» ստեղծել»,- հայտնել է Սթիվեն Սիրրը` Միննեսոտայից First Light Medical Systems ընկերության ռադիոլոգը, որի խոսքը մեջբերում է Ռադիոլոգիական հասարակության մամլո ծառայությունը:

Անտոնիո Ստրադիվարիուսը, որն ապրել է Իտալիայում 1644-1737 թվականներին, համարվում է պատմության մեջ մեծագույն ջութակի վարպետը, նրա ձեռքով պատրաստված մոտ հազար ջութակներից մեզ են հասել շուրջ 650-ը: Դրանց շուկայական արժեքն արտակարգ մեծ է և մի քանի միլիոն եվրոյի է հասնում:

Վերջին 200 տարիների ընթացքում Ստրադիվարիուսի ջութակների եզակի հնչեղության պատճառը բացատրող մի շարք տեսություններ են հայտնվել, սակայն առայժմ բավարար բացատրություն չկա: Ձայնի որակի վրա ազդում են մի շարք գործոններ` սկսած փայտի տեսակից ու որակից և մինչև հումքի հաստությունն ու լաքի բաղադրությունը, որը ծածկում է գործիքի մակերևույթը: