AM
28 Նոյեմբեր 2011 - 12:52 AMT

Դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկում է «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը

Դեկտեմբերի 1 – 5-ը Երևանում կայանալու է «ԿԻՆ» միջազգային VIII կինոփառատոն: Փառատոնում ներկայացված են 52 ֆիլմեր` 16 երկրներից: Այս տարի փառատոնը ներկայանալու է բազմաթիվ ծրագրերով: Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրումների ծրագրում տեղ են գտել հայտնի լիտվիացի վավերագրող Յանինա Լապինսկայտեի ֆիլմերը: Ծրագրում ընդգրկված են Գերմանիայի goEAST միջազգային կինոփառատոնի ուսանողական մրցույթի ընտրանին, որը կներկայացնի ժյուրիի անդամ Անդրեա Վինկը: Այս տարի առաջին անգամ ԿԻՆ փառատոնի շրջանակներում, կին ռեժիսորների համար, կանցկացվի թրեյնինգ, որը կվարեն «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներ Դեբորա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը:

Արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի` վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանումը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը:

Փառատոնի հյուրերն են` Յանինա Լապինսկայտեն (վավերագրող, Լիտվա), Անդրեա Վինկը (goEAST փառատոնի ծրագրի ղեկավար, Գերմանիա), Դեոբրա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը (Կանայք նկարահանում են ֆիլմեր կազմակերպության ներկայացուցիչներ, ԱՄՆ), Մորան Փելեդ (Իսրայել), Չիկո Յամագամի (Ճապոնիա): Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր:

Փառատոնի կազմակերպիչն է` «Լիզա» հիմնադրամը: Փառատոնի հովանավորներն են` ՀՀ Մշակույթի նախարարությունը, ԱՄՆ-ի դեսպանատունը, Կանադայի դեսպանատունը, Գյոթեյի ինստիտուտը և ուրիշները: