AM
30 Նոյեմբեր 2011 - 12:49 AMT

Նոյեմբերի 30-ին վերաբացվեցին Առինջի և Բյուրեղավանի «Հայփոստ»-ի բաժանմունքները

«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման ծրագիրը: Շարունակելով վերաբացումների շարքը Հայաստանի մարզերում` «Հայփոստ»-ն ուրվագծում է իր նոր դիմագիծը և նորովի է ներկայանում հանրապետության տարբեր համանքներում, հայտնում է«Հայփոստի» մամլո ծառայությունը :

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզի Առինջ գյուղի և Բյուրեղավան քաղաքի փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Կոտայքի մարզում այս տարի արդեն վերաբացվել է Ծաղկաձոր քաղաքի փոստային բաժանմունքը, առջևում սպասվում են վերաբացումներ նաև Հրազդանում և Չարենցավանում:

Վերաբացման արարողություններին ներկա էին Առինջի գյուղապետ Գագիկ Սարգսյանը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը և տեղի բնակիչներ:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը «շենքը վերանորոգում և նորացնում է Հայփոստը, սակայն ոգին ներդնում են աշխատակիցներն ու այնտեղ հաճախող բնակիչները»: «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի խոսքով բացի «Հայփոստ» ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագրից, Հայփոստը խորացնում է հարաբերությունները նաև Ռուսաստանի փոստի հետ` հաշվի առնելով առաքանիների ծավալն այս երկրի և Հայաստանի միջև: Վերաբացման արարողությանը Բյուրեղավանի քաղաքապետը «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանին հանձնեց շնորհակալագիր, առ այն, որ համայնքի բնակիչներն արդեն կարող են սպասարկվել նորացված և հարմարավետ փոստային բաժանմունքում: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ» -ի պատշաճ ներկայությանն ու փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Նորոգված, նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներից ոչ ծառայությունների, ոչ սպասարկման որակի մակարդակով: Այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն: Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Առինջի և Բյուրեղավանի բնակիչներին:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 50-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստ»նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: