ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության աջակցությամբ նոյեմբերի 25-27-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում կազմակերպվեցին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ:
Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանի վարպետության դասընթացներին մասնակցեց Կրասնոդարի երկրամասի և Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջանների հայկական պարախմբերի շուրջ 20 պարուսույց և փորձավար:
Դասընթացները ներառում էին գործնական և տեսական պարապմունքներ: Եռօրյա դասընթացներին հայկական պարախմբերի պարուսույցներն ու խմբավարները սովորեցին հայկական «Քոչարի»-ի 10 տարբերակ, Վասպուրականի տասներկու ոտ, Վասպուրականի «Ծաղկաձորի» և Վասպուրականի «Լուլկի» և այլ պարեր:
Գևորգյանը դասընթացների մասնակիցներին տրամադրեց տեսական նյութեր` մեթոդական ձեռնարկներ, հայկական ժողովրդական պարեղանակներ, ցուցադրեց հայկական տարազների էսքիզներ:
Գևորգյանը Կրասնոդարի «Արին Բերդ» պարային համույթի ուժերով պարուսույցների ներկայությամբ բեմադրեց Խաչատուր Ավետիսյանի «Պարմանիներ» պարային ստեղծագործությունը` կոնկրետ օրինակով ներկացանելով բեմադրության որոշ հմտություններ:






