Դեկտեմբերի երկուսին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի ունեցավ Արթուր Բախտամյանի հեղինակած «Հաբեշական օրագիր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Աշխարհով մեկ սփռված հայկական գաղթօջախներից մեկի` Եթովպիայի մասին է ֆիլմը. մասամբ… Տարածված թյուր կարծիք կա, որ հայերի վրա մեծ է եղել այն ազգերի ու երկրների ազդեցությունը, որոնց հարևանությամբ, որոնց հողում կամ լծի տակ ապրել են դարեր, դարեր:
«Հաբեշական օրագիր» ֆիլմը իր բնույթով ճիշտ հակառակն ապացուցող մեծ գիտական հետազոտություն է: Այն երկրում, որտեղից Նեղոսն է ծնվում, որտեղ հողը նռան գույն ունի, որտեղ մարդիկ առանց սեռի և տարիքային խտրականության աշխատում են լուսաբացից մինչ մայրամուտ, որտեղ «հայք» ընդամենը լիճ է նշանակում, կա Արմենիա անունով մի բնակավայր:
Միայն տեղանունը չէ, որ ապացուցում է այդտեղ հայ համայնքի երբեմնի գոյության մասին (հիմա էլ այնտեղ ոչ մեծ հայ համայնք կա): Եկեղեցիներում պահվող հայերեն գրված մագաղաթները, սրբապատկերներն ու խաչերը նույն այդ եկեղեցիների գմբեթներին խոսում են հայերի ունեցած մշակութային ազդեցության մասին այդ հեռավոր աֆրիկյան երկրում:
«Այնտեղ, ուր անցյալը առասպել չի դառնում» մենք պահ ենք տվել մի առասպելական անցյալ: Իսկ ֆիլմի դիտումից հետո ամեն մի հայ իրեն պարտավորված է զգում առասպելին նոր գլուխներ ավելացնել:






