AM
5 Դեկտեմբեր 2011 - 10:29 AMT

Ազգային գրադարանում տեղի կունենա Համաստեղի հիշատակին նվիրված ցերեկույթը

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա արևմտահայ բանաստեղծ Համաստեղի հիշատակին նվիրված ցերեկույթը: Միջոցառման ժամանակ կցուցադրվեն Համաստեղի հեղինակած և նրան նվիրված գրականության նմուշներ:

Կցուցադրվեն Համաստեղի «Երնեկ այն օրերուն» ստեղծագործության բեմադրությունը (բեմադրիչ` Հրանտ Մարգարյան, Նյու Յորք): Համաստեղի կյանքն ու ստեղծագործությունը կներկայացնեն Արագածոտնի մարզի Ուշիի դպրոցի սաները: Ելույթ կունենան գրականագետներ:

Համաստեղը (Համբարձում Կելենյան) համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը: Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղում:

1913 թվականին հոր խորհրդով տեղափոխվել է ԱՄՆ, 1920 թ. մեկ տարի ապրել է Նյու Յորքում, այդ տարիներին հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեի հետ: Հետագայում, 1930 թվականին արդեն Փարիզում մտերմացել է Իսահակյանի հետ: Համաստեղը իր գրական ծածկանունը վերցրել է իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը: Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կենտրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը գրականության նկատմամբ:

Հայտնի են նրա «Գյուղը» և«Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայկական գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները:

1966 թ. նոյեմբերի 26-ին Ամերիկայում իր ծննդյան յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ: