AM
7 Դեկտեմբեր 2011 - 09:46 AMT

Գյուրջիևի անվան համույթը 2012 թ-ին Եվրոպայի մի շարք քաղաքներում ունենալու է հյուրախաղեր

Գյուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը 2012 թ-ին ելույթ է ունենալու մի շարք եվրոպական երկրներում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկէնյանը, առաջին համերգը սպասվում է փետրվարի 7-ին, որտեղ նրանք ներկայացնելու են իրենց արվեստը Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում: Երկրորդ համերգը տեղի է ունենալու Շվեյցարիայում` Շտանցի փառատոնում: Այս համերգներով խումբը չի սահմանափակվելու և մայիսին ելույթ է ունենալու Բելգիայում և Իսպանիայում, հունիսին` Գերմանիայում և այլ երկրներում:

Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը հիմնադրվել է 2008թ. Լևոն Իսկէնյանի կողմից և իր առաջին համերգը տվել է Գյուրջիևի հայրենիքում` Գյումրիում: Բացի դրանից, խումբը ելույթ է ունեցել Հրազդանում, Չարենցավանում, Վանաձորում և այլ քաղաքներում: Նրանք ներկայացնում են հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ժողովրդական գործիքներով:

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ համույթի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակն արժանացել է ջերմ ընդունելության՝ ամբողջ աշխարհում, և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (ինչպես օրինակ BBC Music Magazine,The Guardian, The Financial times, The Independent, USA National public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung,L’Unita,LA LIBERTÉ,The Wire) չափազանց բարձր գնահատականին։ Բրիտանական Songlines magazine-ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։