Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ներկա դրությամբ Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում աշխարհի գրեթե 40 երկրների հետ: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը:
Երկխոսությունը, որը ներկայացված էր նաև փորձագիտական մակարդակով, անցավ բարեկամական, բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Հայաստանի և ԵՄ պատվիրակությունները քննարկեցին մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Երկխոսությունը նաև հնարավորություն տվեց մտքեր փոխանակելու Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Հայաստանը և ԵՄ համաձայնեցին մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան:






