Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու համերգ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հախնազարյան ընտանիքի մասնակցությամբ: Մենակատարներն են դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը և նրանց որդին` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Համերգի մի հատվածը ղեկավարելու է Տիգրան Հախնազարյանը, մյուս մասը` Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում ընդգրկված են Բեթհովենի 1-ին դաշնամուրային կոնցերտը և եռյակի կոնցերտը: Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:






