Դեկտեմբեր 11-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա բրազիլացի դաշնակահարուհի և երգչուհի Տանյա Մարիայի մենահամերգը:
Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին կազմակերպիչները, համերգի տոմսերի գները տատանվում են 5000-20.000 դրամի սահմաններում, սակայն թանկ տոմսերն արդեն սպառվել են, մնացել են 5000-7000 և 12.000 դրամանոց տոմսերը:
Տանյա Մարիան ծնվել է 1948 թվականի մայիսի 9-ին` Բրազիլիայում: Մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, զբաղվել հատկապես դասական երաժշտությամբ:
Սկզբում Տանյա Մարիան նվագում էր Ռիոյի և Սան-Պաուլոյի ջազ ակումբներում:
Այդ ժամանակ նրա ձայնը հաճախ էր հնչում տեղի ռադիոյով:
Հետո նա բնակություն է հաստատում Փարիզում և Նյու-Յորքում, սովորում և աշխատում Սթիվ Գէդիի, Էնթոնի Ջեքսոնի, Սեմմի Ֆիգեիրոի հետ:
Նա հայտնի դարձավ 80-ական թվականներին եվրոպական երկարատև հյուրախաղերից, և հատկապես ԱՄՆ-ում Էդի Գոմեզի հետ ելույթից հետո:
Տանյա Մարիան մասնակցել է ջազային բազմաթիվ փառատոների, հեռուստաշոուների և առաջադրված է եղել «Գրեմմի» մրցանակի` «Կանացի ջազային վոկալ» անվանակարգում: Տանյա Մարիան ստեղծել է իմպրովիզացիոն ուրույն ոճ, որը խորը, հուզական և միևնույն ժամանակ շատ թեթև է ու տպավորիչ:
Համերգը կազմակերպել է «Հայկական ջազ 70»-ը և «Մալխաս ջազ ակումբ»-ը Մշակույթի նախարարության աջակցությամբ:






