Դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի և իր ամուսին, դաշնակահար, կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանի համատեղ համերգը: Ինչպես հայտնում է Ասպարեզը, սպասվում է գեղեցիկ համերգ` շքեղ բեմադրությամբ:
Նրանք կատարելու են Խաչատրյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի, Բերլիոզի, Պիացոլայի, Լիստի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Զույգն այս տարի ելույթ է ունեցել Ֆրեզնոյում այս տարի սեպտեմբերին:
Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974 թ-ին Լիբանանում: Վաղ մանկությունից երգել է Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում եւ ծնողների հետ Կանադա տեղափոխվելուց հետո շարունակել է ելույթ ունենալ Տորոնտոյի հայկական եկեղեցական երգչախմբում: Միաժամանակ ուսանելով օպերային երգն ու բիոինժեներիան` որպես հիմնական մասնագիտություն` Իզաբելն ընտրեց երգը եւ չսխալվեց: Ուսման ավարտից քիչ առաջ նրա երգեցողությունը Ռավենիայի փառատոնին լսեցին Չիկագոյի Lyric Opera-ի ղեկավարները, եւ արդյունքում երգչուհին հրավիրվեց մասնակցելու Ուիլյամ Բոլկոմի «A View From The Bridge» օպերային: Նա մեծ հաջողության է հասել 2000 թ-ին Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա մրցույթում հաղթելուց հետո: Նա կատարել է «Մատանիների տիրակալը: երկու աշտարակ» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի երգերը: Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում (Մետրոպոլիտան, Լա Սկալա և այլն): Ներկայացված է եղել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին: