AM
9 Դեկտեմբեր 2011 - 12:38 AMT

Հմայակ Հակոբյանի աշխատանքները 70 տարի ՀԱՊ պահոցներում մնալուց հետո այսօր ցուցադրվել են

Այսօր` դեկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից մեկի` Հմայակ Հակոբյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Բացման խոսքում պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ նկարները 70 տարի պահպանվել են պահոցում և այսօր առաջին անգամ են ներկայացվում արվեստասերներին: Նա նաև շեշտեց, որ Հակոբյանը մեծ գործ է արել հայ արվեստի համար, ստեղծելով կովկասյան տարածաշրջանում նմանօրինակ աշխատանքներ:

Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Քնարիկ Ավետիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, որ ՀԱՊ-ի ֆոնդերում պահպանվում են շուրջ 2850 աշխատանքներ, որորնք 1947-48 թթ-ին բերվել են Թբիլիսիից: Նկարներից շատերը նոր են ռեստավրացիայի ենթարկվել: Պատկերասրահի մշտական ցուցադրություններում ներկայացված են նկարչի 5 կտավներ: 19-րդ դարի վերջի և 20-ի սկզբների հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից է Հմայակ Հակոբյանը (1871, Տրապիզոն – 1939, Թիֆլիս), որի ստեղծագործական հարուստ ժառանգությունը տակավին ուշարդության չի արժանացել:

Նկարիչը մասնագիտական կրթություն է ստացել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1891-1894), ապրել ու ստեղծագործել Թիֆլիսում, ճամփորդել Շվեյցարիայում ու բազմիցս այցելել Հայաստան: 1889 թվականից գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներով մասնակցել է Թիֆլիսում ու Երևանում կազմակերպված ցուցահանդեսներին:

Նրա նախասիրությունները դրսևորվել են կերպարվեստի բոլոր ժանրերում: Նկարել է Թիֆլիսի բազմազգ բնակչության կյանքին ու կենցաղին նվիրված թեմատիկ ու ժանրային հորինվածքներ, ազգային ու անհատական բնութագրումով առանձնացող իր մտերիմ մարդկանց և տարբեր ազգերի ներկայացուցիչների դիմանկարներ, էտյուդային բնույթի գողտրիկ բնանկարներ ու դասական հորինվածքով նատյուրմորտներ, նոր թեմաներով ու ժարերով, գեղավեստական արտահայտչամիջոցներով հարստացրել հայ արվեստը: Ստեղծագործել է ինչպես կտավի, այնպես էլ ստվարաթղթի և փայտե տախտակների վրա: Մահացել է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած որ ծնվել է մեծահարուստի ընտանիքում: