Դեկտեմբերի 11-ին` Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգը: Այս անգամ հնչելու են Սոֆա Ազնաուրյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Մարտին Ուլիխանյանի, Սուսաննա Հովհաննիսյանի, Նարինե Զարիֆյանի, Մարտուն Իսրայելյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները: Համերգին մասնակցելու են Մենակատարների պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Զավեն Վարդանյան), Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և մի շարք մենակատարներ:
Նոյեմբերի 21-ից – դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվում է «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Փառատոնի համերգները տեղի են ունեցել նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին համերգներ կլինեն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ժամը 19-ին: Փառատոնի փակմանը` դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ:






