AM
10 Դեկտեմբեր 2011 - 11:29 AMT

Լարիսա Ալավերդյան. Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը վտանգված է

Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը վտանգված է, քանի որ իշխանությունը դժվարությամբ է զիջում իր դիրքերը քաղաքացիների բողոքների հետ բախվելիս: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Մասնավորապես, Ալավերդյանի խոսքով, ամենաշատ վտանգված ոլորտը դատաիրավական համակարգն է: «Հայաստանում իրավական պետության կայացման համար անհրաժեշտ է արմատախիլ անել կամայականությունները»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով ներկայիս Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեությանը` Ալավերդյանը դրական է նշել Օմբուդսմենի գրասենյակում թեժ գծի վերականգնումը, ինչպես նաև Հայաստանի մարզերում մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի մասնաճյուղերի բացման վերաբերյալ Անդրեասյանի առաջարկը:

Վերջում Ալավերդյանը լրագրողների խնդրանքով գնահատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը 5-բալանոց սանդղակով: «Ես կհամաձայնեմ միջազգային վարկանիշային կազմակերպությունների արդյունքների հետ և կարծում եմ, որ Հայաստանն այսօր ունի 5 բալից 3-ը: Բայց դրա հետ մեկտեղ կա մեծ տարբերություն օրենսդրության, որը կարելի է ասել անգամ 3.5 բալ ունի և պրակտիկայի միջև, որի միջին ցուցանիշը 2.1 բալ է»,- ընդգծել է Ալավերդյանը:

Այնուամենայնիվ, Ալավերդյանը բավական լավատեսորեն է տրամադրված Հայաստանում այդ ոլորտի զարգացման գործընթացի հարցում. «Զարգացման և կայացման գործընթացն անվերջ է, և մենք անելու ենք ամեն հնարավոր բան, որպեսզի բարելավենք իրադրությունը մեր երկրում»: