«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է իր գլխավորած կուսակցության ու Հայ ազգային կոնգրեսի միջև դաշինքի բացակայության պատճառը: Ըստ նրա, 2011թ. իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ առաջնորդները հակված չեն դաշինք կնքելու «Ժառանգության» հետ: Նա նշել է նաև, որ «Ժառանգության» և ՀԱԿ-ի մոտեցումները ներքին ժողովրդավարության ու արտաքին քաղաքականության հարցերում տարբեր են: «Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա «Ժառանգությունը» ինչպես իր խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական գործունեությամբ ապացուցեց, որ համագործակցության հուսալի գործոն է: Եվ եթե այդ ուղղությամբ հաջողություն չարձանագրվեց, ապա չի կարելի դրանում մեղադրել միայն «Ժառանգությանը»,-ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգությունն» իր մեղքի բաժինն ունի, հնարավոր է, որ կուսակցության ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնային որոշ արտահայտություններից, հակադրվելով, երբ դա պետք չէր: Սակայն, ես գտնում եմ, որ սրացումների, ներքին պառակտման, միասնականության բացակայության համար հիմնական պատասխանատվությունը «Ժառանգությունը» չէ, որ կրում է»,-ասել է նա:






