Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը կսատարի ՀՅԴ նախաձեռնությանը՝ 2008-2012թթ. ծրագիրը չկատարելու համար կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Իշխանությունը պետք է ամբողջությամբ փոխել…Անկախ նրանից թե դա ում նախաձեռնությունն է և ինչի համար, մենք կողմ ենք»,-ասել է նա:
Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է որոշ քաղաքական ուժերի, այդ թվում Դաշնակցության ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ «Ժառանգության» թեկնածուների հայտարարությունները ԱԺ խոսնակի և փոխխոսնակի ընտրություններում զուտ PR նպատակ ունեին: «Թող շոումենները, ովքեր էլ որ լինեն, որ դաշտից էլ լինեն, թող իրենցից սկսեն, ասեն, թե ինչով են պայմանավորում սեփական քաղաքականությունը և հետո միայն մատնանշեն «Ժառանգությանը»,-հայտարարել է նա:
Ըստ նրա, «Ժառանգության» նպատակն էր այլընտրանք առաջարկել: «Եթե չլինի այլընտրանք, մենք կլինենք տապալված պետություն ու ազգ»,-հավելել է նա:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ «Ժառանգութունը» միշտ կողմ է եղել համագործակցությանը հանուն Հայաստանի, «որպես հավասարը հավասարի հետ»: Լրագրողների այն հարցին, թե ում են հասցեագրված նրա խոսքերը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ «բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև Դաշնակցությանը»:






