AM
13 Դեկտեմբեր 2011 - 07:19 AMT

«Սոմա» թատրոնը ներկայացրեց իր «Հայաստա′ն, անունդ տալիս» պոետական ներկայացումը

Դեկտեմբերի 12-ին Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Հայաստա′ն, անունդ տալիս» պոետական ներկայացումը։ Այն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ բեմադրել են «Սոմա» պոեզիայի թատրոնն ու Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնը։ Բեմադրիչը և հեղինակ-կատարողը «Սոմա» պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանն է։

«Հայաստա′ն, անունդ տալիս» պոետական ներկայացումը հիմնված է պատմական պոեմների վրա (Վահագն Դավթյան` «Ճերմակ ձիավորը», Գեղամ Սարյան` «Փառքի տաճար», Գևերգ Էմին` «Սասունցիների պարը»): Ստեղծագործությունների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց պատմական կարևորությունը և մեր հասարակության մեջ դրանց քիչ ընթերցված լինելը: Ինտերակտիվ ներկայացումը բեմադրված է մեկ դերասանի թատրոնի սկզբունքով՝ համեմված կենդանի հնչողությամբ ազգային երգուպարով:

Ըստ Դավիթ Ասատրյանի, պոեզիայի երեկոները, երբ կանգնում են միկրոֆոնի մոտ և պաթոսով կամ ոչ արդարացված պաթոսով ասմունքում, սպառել են իրենց, և խնդիր է առաջանում պոեզիան բեմ տեղափոխել նոր ձևաչափով։ «Այս նոր ձևաչափը ներկայացվում է ազգային երգուպարով, փոքրիկ ներկայացումներով, քանի որ հանդիսատեսի համար դժվար է անընդմեջ լսել տեքստեր։ «Սոմա» պոետական թատրոնն իր առաջ խնդիր է դրել առաջին հերթին դասական գրողներին ներկայացնել այս ոճի մեջ»,- ասում է Դավիթ Ասատրյանը։

«Սոմա» թատրոնը հիմնադրել են պոեզիան ու բեմը սիրող մի խումբ երիտասարդներ։ Այն երեք տարվա կենսագրություն ունի և ներկայացումներով հանդես է գալիս ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։