AM
14 Դեկտեմբեր 2011 - 06:49 AMT

ՀՀ ՊՆ-ն 2012 թվականին մտադիր է ապահովել մնացած հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանից

Հայաստանի Պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են 2011 թվականին կատարված աշխատանքները և 2012 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկել առաջարկություններով: Փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները թեև դանդաղ, բայց որոշակի արդյունք են տվել 2011թվականի ընթացքում` նիստի մասնակիցները արձանագրել են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներից տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, ևս երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր: 2011թվականի ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, ևս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2012թվականին հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությունը ավելի է խորացնելու` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը ևս ապահովելու համար:

Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: