AM
14 Դեկտեմբեր 2011 - 12:49 AMT

Հովհաննես Սահակյան. Չի կարելի բանակը քննադատել հանուն էժանագին շահերի

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է բանակին վերաբերող որոշ հասարակական կազմակերպությունների և իրավաբանների կողմից վերջին քննադատությունները: «Այո՛, իրոք, բանակում կան տագնապ առաջացնող որոշ երևույթներ, սակայն դա իրավունք չի տալիս, որ քաղաքական իրադարձությունների կիզակետում հայտնված այս կամ այն մարդիկ, կամ անհայտ ծագմամբ հասարակական կազմակերպությունները և կառույցները, որոնք ֆինանսավորվում են այլ տեղերից, քննադատեն և թուլացնեն այն»,-հայտարարել է նա «2011թ քաղաքական արդյունքների ամփոփում» քաղաքական քննարկման ընթացքում:

«Բանակը մեր անկախ պետության նվաճումն է: Այն իրականում տարածաշրջանում ամենաամուրն ու մարտունակն է: Ըստ իս, բանակն այն տեղը չէ, որտեղ կարելի է չափել ուժերը կամ սկսել որոշակի գործընթացներ»,- ընդգծել է Սահակյանը:

Նրա խոսքով, բանակի քննադատությունը չպետք է հնչի հանուն էժանագին շահերի, այլ պետք է լինի մտահոգված մարդու, քաղաքական կամ հասարակական կազմակերպության խոսք, որն ուղղված է բացասական երևույթներն արմատախիլ անելուն: Քննարկումը կազմակերպել էր Մամուլի ազգային ակումբը՝ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ: