AM
14 Դեկտեմբեր 2011 - 13:49 AMT

ՀԲԸՄ-ն եկող տարի չի հովանավորելու Հայաստանի գլխավոր նվագախմբին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ֆինանսական լուրջ խնդիրների արջև է կանգնած: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով ՀՊՖՆ-ի երաժիշտները Հայաստանի մշակութային հաստատությունների մեջ ամենաբարձր վարձատրվողն են, սակայն դա նույնպես բավական ցածր գումար է: Այսօր նվագախմբում նվագում են 118 երաժիշտ, իսկ բյուջեն 1 միլիոն դոլարի չի հասնում:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) այլևս չի ֆինանսավորելու նվագախմբին, քանի որ, ըստ պայմանագրի, ֆինանսավորումը աստիճանաբար փոքրանալով սպառվում է 2012-ին: Մաեստրոն նշեց, որ այժմ փնտրվում են հովանավորներ, դիմել է մի շարք մարմինների` ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Ֆինանսական խնդիրների պատճառով տեղի է ունենում նաև երաժիշտների արտահոսք: Նվագախմբից միայն մոտակա 2 ամսվա ընթացքում10 երաժիշտ, ամենայն հավանականությամբ կլքեն Հայաստանը: Թոփչյանն այդ ամենի կանխումը տեսնում է ֆինանսավորման մեջ: