AM
16 Դեկտեմբեր 2011 - 09:53 AMT

Հայաստանի երիտասարդական նվագախումբն առաջին անգամ կհամագործակցի էստադային երգիչների հետ

Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու «Բաբաջանյան ֆեստ» փառատոնի փակման` գալա համերգը: Համերգում հնչելու են Առնո Բաբաջանյանի սիրված և ճանաչված երգերը`Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և հայկական էստրադայի երգիչ- երգչուհիների մատուցմամբ:

Սմբատյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ նվագախումբը նման նախագիծ իրականացնում է առաջին անգամ: Համերգի մասնակից, երգիչ Հայկոն էլ իր հերթին ավելացրեց, որ յուրաքանչյուր երգիչ ցանկանում է երգել նվագախմբի հետ, իսկ սպասվելիք համերգը հիանալի հնարավորություն կտա ներկայացնելու իրական էստրադային երգերը: Համերգին մասնակցելու են Հայկոն, Մհերը, Էմմին, Սիրուշոն, Էրիկը, Անդրեն, Անահիտ Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Մարատ Հայրապետյանը: Համերգին մասնակցելու է նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը:

Համերգի համար հատուկ գրվել են նոր պարտիտուրաներ:

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը Երևանում անցկացվում է «Բաբաջանյան ֆեստ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: