Ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) իրատեսական չի համարում պատերազմի հնարավորությունն Իրանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կոմանդոսը, Իրանը հզոր ռազմական տերություն է և համարժեք պատասխան կտա հարձակման դեպքում, որի մասին բազմիցս է հայտարարել Թեհրանը: «Նման հայտարարություններից հետո չեմ կարծում, թե Արևմուտքն ու ԱՄՆ-ն պատերազմ սկսեն Իրանի դեմ: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Իրանին են սատարում նաև Ռուսաստանն ու Սիրիան»,-ասել է նա՝ հավելելով, որ հազիվ թե Արևմուտքի արկածախնդրությունն Իրանի դեպքում հաջողվի: «Կարծում եմ, այդ արկածախնդրության ղեկավարը Իսրայելն է»,-ասել է Տեր-Թադևոսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանն օգտվել Իրանում ստեղծված իրավիճակից և վերսկսել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, Կոմանդոսն ասել է, որ հնարավոր չի համարում նման սցենարը: Արկադի Տեր-Թադևոսյանը խորհուրդ է տվել Ադրբեջանին սադրանքների փոխարեն կենտրոնանալ սեփական ներքին խնդիրների լուծման վրա:






