AM
16 Դեկտեմբեր 2011 - 10:12 AMT

Հայաստանում մեծ խնդիր է Առնո Բաբաջանյանի գործերի պարտիտուրաների հայթայթումը

Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի պարտիտուրաները Հայաստանում դժվար է գտնել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Անանյանը, ով «Բաբաջանյան ֆեստ» փառատոնի փակման` գալա համերգի համար գրել է մոտ 20 պարտիտուրա:

Անանյանի խոսքով, նա այդ պարտիտուրաները գրել է մի քանի օրվա ընթացքում` երկար և տքնաջան աշխատանքից հետո: Նա նաև պատմեց, որ Բաբաջանյանի պարտիտուրաների մի մասը կար, մի մասը կորած էր, կամ գոյություն չուներ: Նա նշեց, որ վերը նշված պարտիտուրաներն արդեն թվայնացվել են: Անանյանը շարունակելու է իր գործունեությունը նաև հետագայում:

Բաբաջանյանը մի ողջ աշխարհ է հայ երաժշտության մեջ: Նա սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում Կոնստանտին Իգումնովի դասարանում, ով նրան դաշանակահար կատարողի փայլուն ապագա էր կանխատեսել: Նա դարձավ կոմպոզիտոր և մնաց որպես վիրտուոզ: Հենց Բաբաջանյանն առաջին անգամ ԽՍՀՄ-ում ջազային երաժշտություն գրեց ֆիլմերի համար` դա «Առաջին սիրո երգն» էր: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հաջողությունն անհնար կլիներ առանց նրա երաժշտության:

Նա կյանքից հեռացավ 1983-ին: 1983-ի նոյեմբերի 11-ին Կամերային երաժշտության թատրոնում սպասում էին Ռոբերտ Ամիրխանյանին: Նա կես ժամ ուշացումող եկավ և, ոչինչ չասելով, բարձրացավ բեմ ու սկսեց նվագել: Դահլիճում բոլորը հասկացան, որ Առնո Բաբաջանյանը մահացել է: