«Էպիկենտրոն» նախագիծը 2012 թ-ին ներկայացվելու է Բեյրութում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց նկարչուհի Մոկո (Մարիամ) Խաչատրյանը: Նախագծի ներկայացման կոնկրետ օրը որոշված չէ, սակայն հայտնի է, որ այն տեղի է ունենալու մայիսին: Այնուամենայնիվ, նախագծում տեղի է ունենալու փոփոխություն. նախագծի մյուս մասնակից, դաշնակահար Հայկ Մելիքյանը, զբաղվածության պատճառով, չի մասնակցի Բեյրութի նախագծին, փոխարենը կմասնակցի մեկ այլ դաշնակահար:
Բեյրութից հետո նախագիծը, հավանաբար, ներկայացվելու է Բեռլինում: «Էպիկենտրոն» նախագիծը բացվել էր նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Նախագծի հեղինակներն են նկարչուհի Մոկո (Մարիամ) Խաչատրյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Մելիքյանը հատուկ այդ նախագծի համար գրել էր համանուն ստեղծագործություն, որը ներկայացվել էր նախագծի բացմանը: Մոկոն նախագծի ընթացքում նկարում էր, և Մելիքյանը տեղում իմպրովիզներ էր անում:






