AM
19 Դեկտեմբեր 2011 - 09:34 AMT

Հայաստանը յուրաքանչյուր տարի կորցնում է մոտ 1400 ապագա մայր

Ապագա երեխաների հարցում հայ հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ վեց անգամ ավելի, քան աղջիկներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը։

Հետազոտությունը, ըստ բանախոսի, հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանց 0.8 տոկոսը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում։

Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր։

«Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներով նկատեցինք, որ ծնելիության աղջիկ-տղա հարաբերակցությունը շեղված է նորմայից՝ 100/105-ի փոխարեն կազմում է 100/115»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ հետազոտության միջոցով փորձել են պարզել պատճառները, քանի որ դա հետագայում կարող է հանգեցնել լուրջ սոցիալական ու ժողովրդագրական խնդիրների։

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ երեխայի սեռը պարզելուց հետո կանանց 95 տոկոսը շարունակում է հղիությունը և միայն 5 տոկոսն է ընդհատում։

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում, եթե նախորդ երեխաները միասեռ են՝ քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն և 100 հազար և ավելի աշխատավարձ ունեցող կանանց շրջանակում»։