Համլետ Չոբանյանի և Լիլիթ Ստեփանյանի «Մագաղաթ» ներկայացումը նոյեմբերի 18-20-ը Մոսկվայում տեղի ունեցած «Սպիտակ դիմակ» մնջախաղի միջազգային փառատոնում զբաղեցրել է 1-ին տեղը «Լավագույն ներկայացում» և 2-րդ տեղը «Լավագույն ձևավորում» անվանակարգերում ու արժանացել է փառատոնի հատուկ մեդալին։
«Մոտ մեկ տարի ներկայացման ձայնագրությունը դրված է եղել համացանցում, և տեղի է ունեցել օնլայն քվեարկություն։ Ամբողջ մեկ տարի և հատկապես վերջին 3-4 ամիսների ընթացքում «Մագաղաթը» ունեցել է շատ բարձր վարկանիշ ու զբաղեցրել է առաջին տեղը»,- PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ներկայացման հեղինակ, բեմադրիչ-ռեժիսոր Համլետ Չոբանյանը։ Ներկայացման հիմնական սյուժետային հիմքը անտիկ և միջնադարյան լեգենդները, առասպելները, դիցաբանությունն ու ասքերն են, նրանց հերոսները, և այդ ամենը մնջախաղի յուրովի մոտեցմամբ, յուրովի լեզվով. «Ընտրվել են այն կերպարները, որոնք այլ ազգերի մոտ էլ են կրկնվում։ Օրինակ՝ Հայկի և Բելի առասպելը, որը կա նաև շումերների, աքադների և մյուս հին ազգերի մոտ։ Դիցաբանության կերպարները՝ Հերան ու Անահիտը, և այլն»։
Ինչո՞ւ «Մագաղաթ»։ Ըստ հեղինակի, ներկայացումը մի հին, մագաղաթյա գիրք է, մեր երկրագունդի նման մագաղաթյա կաշվով կենդանի արարած, որի վրա գրվում են պատմություններ, ջնջվում, սակայն ջնջվելուց հետո էլ արանքներում մնում են պատմությունների պատառիկներ, ինչպես այրվող գրքի վրա։
Ներկայացումը Մոսկվայում չի խաղացվել, քանի որ Մնջախաղի պետական թատրոնը, որի խաղացանկում է ներկայացումը, մերժել է հրավերը։ Ներկայացման ձևավորման հեղինակ Լիլիթ Ստեփանյանը դիմել է Երևանի քաղաքապետարան և քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ ուրախությամբ աջակցել են իրենց և ֆինանսավորել բեմադրիչ-ռեժիսորի ու նկարիչ-ձևավորողի ճանապարհածախսը։
Հավելենք, որ երևանյան «Միմ ստուդիոն» նույնպես մասնակցել է «Սպիտակ դիմակ» փառատոնին և Արայիկ Հարությունյանը ճանաչվել է լավագույնը «Մոնոներկայացում» անվանակարգում։






