Հայաստանի համար 2011թ «գլխավոր արդյունքը» աղքատության մակարդակի բարձրացումն է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշում է, որ ըստ պաշտոնական տվյալների, աղքատ մարդկանց թիվը հասել է 1.2 միլիոնի` վերջին երկու տարում ավելանալով 300 հազարով: Մինասյանի խոսքով, դրա գլխավոր պատճառները դարձել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանի կառավարության` դրան տված ոչ համարժեք արձագանքը:
Մինասյանն անդրադարձել է նաև արտագաղթին, որը ըստ նրա գնահատականի և տարվա արդյունքների կազմել է 50-60 հազար մարդ: Ընդ որում, նա հավելել է. «Չեմ կարծում, որ մեր իշխանությունը դավաճան է և նպատակաուղղված կերպով իրականացնում է արտագաղթի աճին միտված քաղաքականություն»:
Ւր հերթին իշխող ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նկատել է, որ «կան սոցիալական խնդիրներ, որոնք մենք չենք թաքցնում և ինքներս ենք խոսում դրանց մասին»: Նա նաև հավելել է, որ սոցիալական խնդիրներ կան ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում:






