AM
21 Դեկտեմբեր 2011 - 10:49 AMT

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ավարտվում է Իվանա Շրամկովայի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում փակվելու է «Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը: Փակումից առաջ` դեկտեմբերի 21-ից 30-ը, նշված սրահի մուտքը կլինի անվճար:

«Իվանա Շրամկովա. Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը վերաբացվել է ԳԱԿ-ի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում 2011 թվականի մայիսի 14-ին: Այն չեխ արվեստագետի առաջին ցուցահանդեսն էր Հայաստանում:

Իվանա Շրամկովան ծնվել է 1960թ. Չեխիայում: 1967-1980թթ. նա սովորել է Ժելեզնի Բրոդի Կիրառական արվեստների քոլեջում: Հետագայում շարունակել է իր կրթությունը Պրահայի Կիրառական արվեստների ակադեմիայում` Ստանիսլավ Լիբենսկու ղեկավարությամբ: Արվեստագետը հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում և հիմնականում քանդակում է մարդկային ֆիգուրներ, կենդանիներ և բնապատկերներ: Շրամկովայի գեղարվեստական ոճի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ նա ապակու կտորները համադրելով` ստեղծում է մոնումենտալ ստեղծագործություններ, որոնց գունային լուծումները քանդակներին հաղորդում են պայծառություն: Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենեցիայի «Aperto Vetro»-ում, «Museo Correr»-ում, Նյու Յորքի «Հելլեր» պատկերասրահում:

Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը Երևանում առաջին անգամ ներկայացվել է 2010թ. նոյեմբերի 9-ին: