Դեկտեմբերի 28-ին «Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում տեղի է ունենալու համերգ` ի զորակցություն միության հիմնադիր Նարեգ Հարթունյանի:
Արձագանքելով Նարեգ Հարթունյանի նկատմամբ վերջերս կիրառված հետապնդումներին և դեկտեմբերի 9-ին նրա կալանավորմանը` երաժիշտներ Վահան Արծրունին, Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Ավագ Մարգարյանը (բլուլ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Ստեփան Շաքարյանը (դաշնամուր), Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) և «Փարոս» երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան) համախմբվել են բազմաժանր համերգային ծրագրի շուրջ` արվեստի միջոցով հայտնելու իրենց բարոյական աջակցությունը Նարեգին:
Կհնչեն հեղինակային ստեղծագործություններ, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն, Կոմիտաս, ինչպես նաև ջազային կատարումներ:
2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը): Նույն օրը նա կալանավորվել էր 2 ամսով, սակայն մտավորականների և հանրության կողմից բարձրացրած մեծ աղմուկի շնորհիվ դատավորը փոխել է իր որոշումը և մի քանի օրից Հարթունյանն ազատ է արձակվել:






