AM
27 Դեկտեմբեր 2011 - 14:17 AMT

Լիտվայի դեսպան՝ «ինչ-որ համեղ բան» պատրաստելու սիրահարը

Զրույցը սկսելով Երևանում որպես դեսպան նշանակվելուց՝ նա տեղեկացրեց, որ դեռ մանուկ հասակում նամակագրական կապ է ունեցել հայ տղայի հետ, ով իրեն պատմել է Հայաստանի մասին և այդ պատճառով Հայաստանում դեսպան նշանակվելը նրա համար ինչ-որ յուրահատուկ բան էր: «Կարելի է ասել, ես ինչ-որ բաներ գիտեի այստեղ գալուց առաջ»,- ժպիտով նշեց նա: Հայաստան ժամանելը բավական հուզիչ էր, քանի որ դա Ապուոկասի առաջին նշանակումն էր դեսպանի պաշտոնում: «Հիշում եմ, երբ եկա, ապշել էի լեռների տեսարաններով, հատկապես Արագածի և Արարատի…Իմ կյանի մեծ մասը ես անցկացրել եմ հարթավայրում և Հայաստանի լանդշաֆտը շատ յուրահատուկ էր ինձ համար»,- նշեց դեսպանը:

(?)Ձեզ համար ի՞նչն էր ամենատարօրինակը Հայաստանում:

(!)Դե, առաջին հերթին, իհարկե լանդշաֆտը, որը չափազանց բազմաբան է, այնուհետև մարդկանց բնավորությունը: Օրինակ, լիտվացիները բավական զուսպ են հայերի համեմատ, ովքեր ավելի բարյացակամ են և շփվող: Թեև, եթե դուք գնաք Վիլնյուսը Քաունասի դեմ բասկետբոլային խաղին, ինչ-որ պահի ձեզ կարող է թվալ, որ խաղին եկել են հարյուրավոր խելագարներ…Այնպես որ կարծրատիպերը նույնպես ունեն իրենց սամանները… Եվս մի բան, որը չի դադարեցնում զարմացնել ինձ, փողոցային երթևեկությունն է: Ինձ համար ուղղակի հետաքրքիր է, թե ինչու հայ վարորդներին միշտ չի բավականացնում երթևեկության մեկ գոտին:

(?)Իսկ ունե՞ք արդյոք սիրած վայր, ուր հաճախ եք այցելում Հայաստանում:

(!)Հըմմմ… ինձ ամեն ինչ դուր է գալիս: Եվ բնապատկերների հակադրությունը, երբ, օրինակ, ամռանը մեկնում ես Սևան, որի ափին խոտն արդեն չորացել է, բայց Դիլիջան մեկնելիս թունելով անցնելով հայտնվում ես կանաչի թագավորությունում, և Սյունիքի լեռները… Ինձ շատ է դուր գալիս ճանապարհը «կիսել» երթևեկելի մասով անցնող ոչխարների և կովերի հետ… Եվ, իհարկե, շատ հաճելի է մայրամուտին տաք ծիրան պոկել հենց ծառից: Ինձ համար շատ յուրահատուկ վայր է Արագած լեռը: Հիշում եմ, մի անգամ ստիպված էի շտապ իջնել լեռան լանջից, որովհետև կարկուտի ամպեր էին կուտակվել, ինչը կարող էր ոչ այնքան հաճելի հետևանքներ ունենալ ինձ համար: Դրանից հետո ես մեկնում եմ այնտեղ հունիսին և բացառապես լավ եղանակին:

Հայաստանից կրած տպավորությունների մասին պատմելուց հետո դեսպանը սկսեց պատմել, թե ինչն է նրա սիրած զբաղմունքը աշխատանքից և ուղևորություններից դուրս:

(!)Ես ինչ-որ համեղ բան պատրաստելու սիրահար եմ: Հատկապես ինձ դուր է գալիս միս պատրաստել: Ի դեպ, եթե անկեղծ, ինձ այդքան էլ դուր չի գալիս միս պատրաստելու հայկական եղանակը, բայց դրա փոխարեն ես շատ եմ սիրում ձեր բանջարեղենային ուտեստները:

(?)Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստում միսը: Արդյոք ուն՞եք հատուկ ձեր բաղադրատոմսը:

(!)Հիմնականում ես նախընտրում եմ ֆրանսիական կամ իտալական եղանակով պատրաստված միս:

(?)Իսկ Ձեզ հետ պատահե՞լ են զավեշտալի կամ արտասովոր դեպքեր Երևանում եղած ժամանակ:

(!)Այո, գարնանը ես մասնակցել եմ ակցիայի, որտեղ դեսպանները պետք է նկարեին, իսկ նկարներն այնուհետև դրվելու էին վաճառքի: Հիշում եմ, ինչպես ինձ համոզեցին, որ նախագծին մասնակցելու համար նկարել իմանալը պարտադիր չէ: Իհարկե, առանց նկարչի օգնության ինձ մոտ ոչինչ չէր ստացվի, բայց դա բավական հետաքրքրիր էր:

(?)Քանի որ առջում Ամանոր է, պատմեք, թե ինչպես են Լիտվայում դիմավորում Նոր տարին:

(!)Սկսեմ նրանից, որ մեզ համար Սուրբ ծնունդն ավելի նշանակալի տոն է: Մենք Սուրբ ծննդյան ճրագալույցին պատրաստում ենք տոնական ընթրիք: Հաջորդ օրը սովորաբար լինում է ընտանեկան ճաշ, որից հետո ընդունված է այցելել ընկերներին և հարազատներին: Իսկ Նոր տարին ավելի շատ երիտասարդության տոնն է, որը հիմնականում նշվում է ակումբներում կամ ընկերներից մեկի բնակարանում: