1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզի «Գրան-կաֆեյում» Լյումիեր եղբայրները կազմակերպել էին առաջին մասսայական կինոդիտումը: Ավելի վաղ ֆրանսիացի Օգյուստ և Լուի Լյումիեր եղբայրները պատենտավորել էին իրենց «սինեմատոգրաֆ» սարքը, իսկ դեռևս մարտի 22-ին ընկերական նեղ շրջապատում կազմակերպել էին առաջին կինոդիտումը: Սակայն Կինոյի ծննդյան օրը նշվում է հենց դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների բուլվարի «Գրան-կաֆեյում» Լյումիերները լայն հասարակությանը ցուցադրեցին աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»: Դա կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին ֆիլմն էր, որը դիտելու համար մարդիկ վճարել էին: Այն իսկական խուճապի էր մատնել հանդիսատեսին. նրանք փախչում էին դահլիճից` վախենալով գնացքի տակ ընկնել:
Իսկ Եթովպիայում այսօր տոնում են Գաբրիել Հրեշտակապետի օրը: Գունագեղ հանդիսություններով ու ծեսերով տոնը նշելու, միմյանց շնորհավորելու համար ողջ Եթովպիայից հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվում եկեղեցիներում: Նրանք աղոթում են, ինչ-որ բան խնդրում, կամ ավելի հաճախ իրենց շնորհակալությունը հայտնում սրբին:






