AM
9 Հունվար 2012 - 06:40 AMT

Այսօր սկսվում է Հայաստանի ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը

Այսօր Երևանում սկսվում է Հայաստանի ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի և նույն գործով մեղադրվող ճանապարհային ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների դատավարությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի դատական համակարգի տեղեկատվական կենտրոնը, լսումները կանցնեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Օհանյանը ձերբակալվել է օգոստոսի 30-ին, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2 մասով (պաշտոնեական պարտականությունների չարաշահում, որի համար պատիժը կազմում է 2-6 տարի) և 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում, որի պատիժը 4-8 տարի է ունեցվածքի առգրավմամբ կամ առանց դրա):

Ըստ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների Օհանյանի և նրա մեղսակիցների հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է 217,6 մլն դրամի վնաս (568 հազար դոլար), որից 198 մլն դրամը (516 հազար դոլար) վերականգնվել է նախաքննության ընթացքում:

Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը հայտնել է, որ իր պաշտպանյալն օրերս պետբյուջե է փոխանցել 57 մլն դրամ (150 հազար դոլար): Փաստաբանն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե Օհանյանը խոստովանել է իր մեղքը: «Դա ուղղակի պատվի հարց է: Ամեն ինչ կատարվել է իր ղեկավարած կառույցում»,-ասել է նա: Այն հարցին ի պատասխան, թե որտեղից նրա պաշտպանյալին այդքան միջոցներ, փաստաբանը հայտարարել է, որ միջոցները հավաքել են նրա հարազատներն ու բարեկամները: