Հայոց բանակի 20-ամյակին ընդառաջ նկարահանված «Ես եմ» ֆիլմը պատմում է սիրո և գեղեցիկի հաղթանակի մասին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ նշել է նկարահանող թիմի ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Մազմանյանի խոսքով ֆիլմը գեղեցիկ և դրական լիցքերով լի հեքիաթ է, և ցույց է տալիս բացարձակ արժեքներ, որոնք չպետք է մոռացվեն:
Ֆիլմն, ըստ ռեկտորի, հետապնդում է երկու նպատակ: Առաջինը, ցույց տալ, որ մենք սահմանից այս կողմ թշնամի չպետք է ունենանք, իսկ երկրորդը, որ ազգը կրի «Ես եմ»-ի գաղափարը:
Ֆիլմի համար գրվել է հատուկ ստեղծագործություն, որի հնչյունների ներքո ռազմական մեքենաներով երիտասարդները հունվարի 23-26-ը կշրջեն քաղաքի փողոցներով և կշնորհավորեն հայոց բանակի 20-ամյակը:
Մազմանյանը խոստովանեց նաև, որ ֆիլմը կինոթատրոնում մեծ հաջողություն չունի, որի պատճառը այսօրվա հումորի գռեհիկացումն է:
Ֆիլմը նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, «32 փրոդաքշնի» մասնակցությամբ: Ֆիլմը նկարահանվել է 28 օրում, իսկ մոնտաժվել 15 օրում: Նախապատրաստական աշխատանքները տևել են 4-5 ամիս: Գլխավոր դերում հանդես է գալիս Սոս Սարգսյանը:






