AM
16 January 2012 - 13:12 AMT

«Կոմերսանտը» Հայոց ցեղասպանության մասին. Էրդողանը հայտնվել է տարօրինակ իրավիճակում

Հայտնի «Կոմերսանտ» շաբաթաթերթը հոդված է հրապարակել Ֆրանսիայի ԱԺ-ում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ու դրա հետևանքների մասին:

«Նախորդ շաբաթ տարօրինակ իրավիճակում հայտնվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մեղադրեց Ֆրանսիային Ալժիրի ժողովրդի ցեղասպանության մեջ: Ալժիրն իր վարչապետի միջոցով խնդրեց Թուրքիային չանհանգստանալ»,-գրում է Նիկոլայ Զուբովը:

Ինչպես նշում է Զուբովը, Ֆրանսիային համարժեք պատասխանի գաղափարը պատկանում է Էրդողանին՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունման կապակցությամբ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:

«Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար այժմ ավելի կարևոր է չփչացնել հարաբերությունները երկրի ազդեցիկ (և Եվրոպայում ամենաբազմամարդ) հայ համայնքի հետ: Ուստի օրինագիծն ընդունվեց մեծ խանդավառությամբ»,-ասվում է հոդվածում:

Սկզբում Անկարայի պատասխան քայլերը քիչ թե շատ կանխատեսելի դիվանագիտական քայլեր են՝ դեսպանին ետ կանչելը, ռազմական համագործակցության դադարեցումը, այցելությունների հետաձգում և այլն: Սակայն, հետո երիկի վարչապետը առավել սիմետրիկ քայլեր մտածեց, մասնավորապես, մեղադրելով ֆրանսիացիներին ալժիրցիների ցեղասպանության մեջ:

Սակայն, ինչպես գրում է հեղինակը, բուն Ֆրանսիայում թուրքական իշխանությունների այդ քայլերն անտեսեցին, «փոխարենը, նկատեցին Ալժիրում և ամենևին չուրախացան»: «Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան հանդես եկավ հատուկ հայտարարությամբ. «Ես դիմում եմ մեր թուրք գործընկերներն՝ մի փորձեք քաղաքական կապիտալ ստեղծել Ալժիրի գաղութացման թեմայի վրա…»:

Հետագայում, Թուրքիան ստիպված էր ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Ոչ մի պաշտոնական արձագանք Ալժիրի վարչապետի խոսքերին չհաջորդեց, իսկ ոչ պաշտոնական զրույցներում Անկարայում հավատարմագրված լրագրողների հետ թուրքական իշխանությունների ներկայացուցիչները հասկացրեցին, որ դիտարկում են Ույահյաի խոսքերը Ալժիրի ներքաղաքական պայքարի համատեքստում, որտեղ մայիսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

Վերջում Զուբովն ընդգծել է, որ «թուրքական իշխանությունները մեկ շանս էլ ունեն՝ մեղադրել Ֆրանսիային Ռուանդայի ցեղասպանության մեջ: Սակայն, այս անգամ ևս թուրքական նախաձեռնությունը, հավանաբար, ըմբռնումով չի ընկալվի…: