Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է Հայաստանի հնարավոր գործողությունները` կապված Հրանտ Դինքի մարդասպանների առնչությամբ դատավճռի հետ: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է բոլոր միջազգային ատյաններում ապացուցի, որ Թուրքիան ազատ ժողովրդավարական երկիր չէ, որ այնտեղ մինչ օրս հետապնդվում են ազգային փոքրամասնությունները, և որ Հրանտ Դինքը սպանվել է միայն այն պատճառով, որ հայ էր: Նա հավելել է, թե հարկ է ընդգծել, որ ոչ մի ողջամիտ թուրք պատմաբան, անգամ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, բացեիբաց չի հայտարարի այդ մասին: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ հաշվի առնելով երեկվա դատավճիռը` Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման շանսերը կավելանան:
Հունվարի 17-ին Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Յասին Հայալին և 10 տարվա ազատազրկման` Էրհան Թունջելին, որոնք մեղադրվում էին «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հանցակից լինելու մեջ:
Դատավարությունն ավարտվեց լրագրողի սպանությունից հինգ տարի անց: «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Վերջինս բերման է ենթարկվել սպանությունից 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Սամասթին 23 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Լսումների ընթացքում Սամասթը հայտնել է, որ թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել:
Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթն ընդամենը գործիք էր հանցագործության պատվիրատուների ձեռքում: Հետաքննության վարկածի համաձայն, գրող Դինքի, որը գրում էր Թուրքիայի համար այնպիսի սուր թեմաներով, ինչպիսին է քրդական հիմնահարցը, սպանությանը կարող են հանցակից լինել «Էրգենեկոն» ուլտրազգայնական կազմակերպության գործով քննվող անձինք, որոնց մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ:
Սամաստից հետո ձերբակալվեցին Էրհան Թունջելն ու Յասին Հայալը, որոնց կարգադրությամբ, իբր, գործել էր մարդասպանը: Հայալը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ Դինքի սպանությանը հանցակից են իշխանական կառույցների անձինք, և իրեն կարող են վերացնել` որպես անպետք վկա:






