AM
18 Հունվար 2012 - 09:58 AMT

Հայ-թուրքական նոր համաձայնագիր կարող է կնքվել ՀՀ նախագահական ընտրություններից հետո, գտնում է թուրքագետը

Թուրքագետ Արտակ Շաքարյանը չի հավատում, որ Հայաստանի ԱԺ ընտրությունների նախաշեմին հայկական իշխանությունները կարող են ինչ-որ նոր համաձայնագիր կնքել թուրքական կողմի հետ: Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` մեկնաբանելով լուրերը ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գաղտնի բանակցությունների մասին: Նրա կարծիքով` իշխանությունները նման քայլի չեն գնա նախքան այս տարվա մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները` հիշելով Արձանագրությունների հետ կապված անհաջող փորձի մասին: Ընդ որում, նա չի բացառել, որ նման բան հնարավոր է 2013 թվականին` Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ` հաշվի առնելով, որ նախագահի ընտրությունները հունվարին են տեղի ունենալու, իսկ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան միայն 2014 թվականին:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: