Հունվարի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու կամերային երաժշտության համերգ` Ռուսաստանից ժամանած գալարափողահար Գլեբ Կարպուշկինի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեցին երաժիշտները, համերգի առաջին մասում հնչելու է հայկական երաժշտություն, որտեղ միասին նվագելու են Մակար Եկմալյանի «Սուրբ-սուրբ», Կոմիտասի « Չինար ես» ու «Շողեր ջան» և այլ ստեղծագործություններ: Համերգի երկրորդ հատվածում էլ հնչելու է եվրոպական ռոմանտիկ երաժշտություն (Գունո, Շոպեն, Սեն-սանս և այլն):
Մելիքյանը պատմեց, որ Կարպուշկինի հետ մեկ այլ համերգային ծրագրով առաջին անգամ համագործակցել է 2011 թ-ին «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակում: Պլանավորվում է նաև համատեղ ելույթ Մոսկվայում:
Կարպուշկինը, ով շատ է սիրում Հայաստանը և հայկական երաժշտությունը, նշեց, որ շատ հետաքրքիր և հաճելի է համագործակցել Մելիքյանի հետ:
Գլեբ Կարպուշկինը ծնվել է 1967 թ-ին: Նա այն եզակի երաժիշտներից է, ով գալարափողը ներկայացնում է որպես սոլո գործիք: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, 1988 թ-ին արժանացել է Փողային նվագախմբերի համասովետական մրցույթի առաջին մրցանակին: Աշխատել է բազմաթիվ նվագախմբերում, մասնակցում է բազմաթիվ միջազգային փառատոների: 2004 և 2008 թ-ին Կարպուշկինը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, որտեղ անցկացրել է նաև վարպետության դասընթացներ: Ռ. Գլիերի գալարափողի և նվագախմբի կոնցերտի կատարումից հետո «Երաժշտություն և ժամանակ» ամսագիրը նշել է, որ երաժիշտը գերել է նրանց նուրբ լիրիզմով և գործիքի հիանալի տիրապետմամբ:
Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար դաշնակահարներից է: Ծնվել է 1980 թ-ին Երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում` պրոֆ.Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Հ.Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է Հռոմում` Concerto Di Concerti 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Մեքսիկայում և այլուր: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների հաղթող է:






