AM
19 January 2012 - 12:56 AMT

ՌԴ ջավախահայ համայնքը խնդրում է Վրաստանում ՀՀ դեսպանին դատապարտել Տոդուայի հայտարարությունը

Ռուսաստանի ջավախահայ համայնքը նամակ է հղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. « Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Տոդուան լինելով Ադրբեջանում, միլի մեջլիսի միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Վրաստանը և Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետև այդ իրենց հողերն են»: Ափսոս, որ վրացական իշխանություններից դեռ ոչ ոք, այդ թվում նաև ընդդիմությունը, գնահատական չի տվել Վրաստանի փոխխոսնակի խոսքերին: Չէ որ Տոդուան պաշտոնյա է, և նրա խոսքերը չի կարելի դիտարկել որպես մասնավոր կարծիք: Մենք հայտարարում ենք, որ պաշտոնյայի նման հայտարարությունը նպաստում է լարվածության աճին Հարավային Կովկասում, ինչպես նաև կոպիտ միջամտություն է հարևան երկրի գործերին: Մենք կոչ ենք անում պարոն Մանուկյանին վրդովմունք հայտնել այս փաստի առնչությամբ և բողոքի նոտա հանձնել»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Ֆրիդոն Տոդունան հերքել է իրեն վերագրվող տեղեկատվությունը: «Պիրվելի»-ի հետ հարցազրույցում Փ.Տոդուան, մասնավորապես, հայտարարել է. «Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում»: