Այսօր` հունվարի 20-ին հայ բանաստեղծուհի և հասարակական գերծիչ Սիլվա Կապուտիկյանի (1919 – 2006) ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 93 տարեկան: Ծնվել է Երևանում: 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: 1970 թ-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր գործչի, իսկ 1980 թ-ին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման:
Կապուտիկյանի ստեղծագործությունների մեջ միշտ կենտրոնական տեղ է զբաղեցրել հայրենիքի թեման, որը գնալով խորացել է «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961), «Յոթ կայարաններ» (1966), «Դեպի խորքը լեռան» (1972) ժողովածուներում: Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նրա ստեղծագործ էությունը:
Կապուտիկյանի ստեղծագործության հիմնական թեմաներից է նաև սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:
Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976) և այլ ուղեգրություններ:
Սիլվա Կապուտիկյանը նաև մանկական բանաստեղծությունների հեղինակ է:
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակակիր է:






