AM
24 January 2012 - 14:34 AMT

Գյուլը Ֆրանսիային «կոշտ միջոցներ է» խոստանում ձեռնարկել

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը «Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունները այլ հունի մեջ է դնում և Թուրքիան կոշտ միջոցներ կձեռնարկի Ֆրանսիայի հանդեպ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Թուրքիան ափսոսանքով դատապարտում է այս օրենքը, որը ուժեղ հարված կհասցնի երկու երկրների հարաբերություններին»,-ասել է նա: Ըստ Գյուլի, այսօրվանից Ֆրանսիան մտավ այն երկրների ցուցակը, որտեղ սահմանափակվում է խոսքի ազատությունը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: