AM
24 Հունվար 2012 - 14:56 AMT

Հայաստանում հնարավոր է անցկացվի լեհ հեղինակների Հայաստանին նվիրված գրքերի ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի տարբեր ոլորտներում 2012 թ. իրականացվելիք համատեղ նախագծերը, որոնց շարքում առանձնանում էին Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ծրագրերը: Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մասնավորապես առաջարկեց Երևանում կազմակերպել լեհ հեղինակների Հայաստանին նվիրված գրքերի ցուցահանդես, ինչը նախարարը հավանությամբ ընդունեց, առաջարկելով մասնակցել հայկական թեմատիկայով հրատարակությունների, նաև թարգմանական գրականությանը նվիրված երևանյան ցուցահանդեսներին, ինչպես նաև առանձին շնորհանդես-ցուցահանդեսով համատեղ ներկայացնել գրական, թարգմանական և հրատարակչական նախաձեռնությունների արդյունքում ստեղծված լեհ և հայ այն հրատարակիչների գրական արտադրանքը, որը կնվիրվի գործընկեր երկրին, նրա մշակույթին ու պատմությանը: Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ նաև Հայաստանում 2012 թ. կայանալիք «Գրական Տապան» նախագծին, որին մասնակցելու հրավիրեց Վարշավայի պետական համալսարանի պրոֆեսոր, Գրիգոր Նարեկացու գործերի լեհերեն թարգմանիչ Մարեկ Ստարովեյսկուն: